BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Տա՛ Աստված, գալիք տարին ավելի բարենպաստ լինի անօթևանների համար

Տա՛ Աստված, գալիք տարին ավելի բարենպաստ լինի անօթևանների համար
29.12.2012 | 13:16

Վերջին ժամանակներս միտքս հաճախ է զբաղեցնում է այն հարցը, թե ինչպես են պատրաստվում Ամանորին դեռևս ավտոտնակներում և վագոններում պատսպարվող գյումրեցի անօթևանները: Ի՞նչ են սպասում գալիք տարուց այն բազմաթիվ մանուկները, որոնք, ամենայն հավանականությամբ, մրսում են այս պահին և անգամ կարոտ են Ձմեռ պապի նվերին, թեկուզ դա լինի մեկ հատիկ կոնֆետ: Իսկ Նոր տարին նրանցից շատերի համար անհասկանալի է` ինչո՞ւ եկավ, ինչո՞ւ գնաց:
Թերևս սխալ է, բոլորիս կողմից սիրված տոնի առթիվ տխուր բաներից խոսել, գուցե չարժե հիշել մեր պատմության ամենատխուր էջերից մեկը, բայց շրջանցել իրականությունը, նույնպես հնարավոր չէ:
Օրեր առաջ այս թեմայի շուրջ ոչ հաճելի «երկխոսություն» ունեցա ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հետ, երբ աչքիս ընկավ ֆեյսբուքում
տեղադրված տոնական Գյումրու նկարներից մեկը : Գեղեցիկ ու լուսավոր մի նկար, որը դիտողին դրական լիցքեր էր հաղորդում: Նկարը վերնագրված էր այսպես`« Գյումրին պատրաստվում է տոներին»: Չկարողանալով զսպել ներքին վրդովմունքս` հարց ուղղեցի նկարը
տեղադրողին`«իսկ տնակներում ապրողնե՞րը...»:
Իսկապես, ինձ հուզում է այդ հարցը` ավտոտնակներում ապրող գյումրեցիները նույնպե՞ս պատրաստվում են տոներին, սպասո՞ւմ են, ի՞նչ են զգում, ի՞նչ վիճակում են: Հարցիս պատասխանը, թերևս, պարզից էլ պարզ է: Իհարկե, երբ փորձենք նման հարց տալ անօթևանների խնդիրներով զբաղվող վերադաս կառույցներին, անմիջապես կհիշեցնեն, թե` գիտե՞ք Գյումրիում միայն ավտոտնակների խնդիրը չէ: Այնտեղ մեծ տոկոս է կազմում գործազրկությունը, արտագաղթը, որ բազմաթիվ մանուկներ առանց հոր են մեծանում, որ մայրերը միայնակ են մեծացնում իրենց զավակներին և այլն: Դա նույնպես հասկանում ենք և ավելի մտահոգվում: Բայց միթե՞ անտանիք ապրելը, ցրտից կուչ եկած, հազար ու մի հիվանդություն ձեռք բերած մանուկների վիճակն ավելի ծանր չէ, մի՞թե կարելի է դա համեմատել ուրիշ դժվարությունների հետ:
Բոլորովին վերջերս «Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանն իր հարցազրույցներից մեկում, խոսելով աղետի գոտու անօթևան ընտանիքների մասին, փաստեց, որ շուրջ 6500 ընտանիք ներկա դրությամբ տնակներում է:
Նրանցից 1756-ը թեև ժամանակի ընթացքում կտեղափոխվեն բնակարաններ (Աստված գիտի` երբ), բայց շուրջ 3500-ի
ճակատագիրը դարձյալ կմնա անորոշ, քանզի նրանք ինչ-ինչ պատճառներով հաշվառված չեն ցուցակներում և չունեն անօթևանի կագավիճակ: Ավելին, աղետի գոտում, հատկապես Գյումրիում, կան պետության կողմից բնակարանային փոխհատուցման ոչ ենթակա բազմաթիվ ընտանիքներ, որոնք չունեն նույնիսկ ժամանակավոր կացարաններ և բնակվում են վարձով կամ ազգականների տանը:
Տեղյակ ենք նաև, որ երկրաշարժի հետևանքնով անօթևան մնացած ընտանիքների բնակaրանային խնդիրների լուծման վերջնաժամկետ է հայտարարված 2013 թվականը: Այսինք` եթե ընդունենք, որ այդ որոշումը վերջնական է և անփոփոխ, ուրեմն նշանակում է` հաջորդ տարի Գյումրին պետք է իսպառ հրաժեշտ տա «դոմիկներին»: Մինչդեռ, ինչպես իրականությունն է փաստում, պակասելու փոխարեն դրանք ավելանում են:
Ինչպես տեղեկացնում է «Շիրակ» կենտրոնը, Գյումրիում կան տասնյակ վթարային շենքեր, որոնք հիմնականում մասնակի են բնակեցված: Դրանցում ապրող կամ գրանցում ունեցող ընտանիքներն ընդգրկված են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում, թեև այդ շենքերի վերականգնման որևէ ծրագիր չի իրականացվում աղետի գոտում: Եվ քանի որ տարիների ընթացքում այդ շենքները քանդվում և ինքնափլուզվում են, դրանցում բնակվող ընտանիքները պարտադրված դուրս են գալիս այդ կիսախարխուլ բազմահարկերից և տեղափոխվում են բնակվելու վագոն-տնակներում:
Ստացվում է, որ Գյումրիում տնակները պակասելու փոխարեն ավելանո՞ւմ են: Ինչ կբերի նոր տարին անօթևաններին, դժվար է ասել:
Հույս ունենաք, որ գալիք տարին ավելի լավը կլինի, ավելի բարենպաստ անօթևանների համար, և Աստծո կամոք բազմաթիվ տառապանքներ կրած մեր հայրենակիցները շուտափույտ կտեղափոխվեն նոր բնակարաններ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ